Գեղաքունիքում ողբերգական դեպքից մահացած 15 զինվորներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին պառկած վիճակում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՛՛Հանրային քննարկում՛՛ հաղորդման ժամանակ ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։

Նա նշեց. ՛՛Վարկած է, որ տղաները ծխահարվել են և ուղղակի չեն արթնացել, անկողնուց դուրս չեն եկել։ Մի հոգին մուտքի մոտ է հայտնաբերվել, փորձել է փրկվել, բայց չի ստացվել՛՛:

Սարոյանի խոսքով՝ այդ շինության ներսում 21 հոգի են եղել։ Մինչև փրկարարների հասնելը վեցը դուրս են եկել իրենց ուժերով, երեքը տարբեր այրվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բուժկենտրոն, այնուհետև՝ Երևան։

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք, որ կրակն այդքան արագ տարածվեր՝ Սարոյանը նշեց, որ շենքն ամբողջությամբ քարից չէր, ՛՛բաղդադ՛՛ տիպի շինություն է եղել, և, ամենայն հավանականույթամբ, կրակի արագ տարածման պատճառը դա է։