«Լավ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ։ Քննարկվել են խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները, իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը։ Պետք է խուսափել հումանիտար ճգնաժամից։ Քննարկել ենք նաև Հայաստանում ԵՄ-ի վերջերս գործարկված առաքելությունը»,- գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։


Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: