Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 27–ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Հայաստանից Արցախ է տեղափոխվել 18 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ։ Հակառակ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան էլ տեղափոխվել է 2 քաղաքացի։ Այս մասին  ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ Արցախի շրջափակման 47 օրերի ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղությամբ քաղաքացիներ են տեղափոխվում։


Ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ հունվարի 20–ին էլ Արցախից Հայաստան էր տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ:

Շրջափակման հետեւանքով մինչեւ այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 49 հիվանդ։