Քանի որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունները մոտենում են, շատ թուրքեր «ոտքերով են քվեարկում»՝ պատճառաբանելով կառավարության հանդեպ անվստահությունը, ազատ խոսքի նկատմամբ ճնշումը, գնաճը եւ բիզնեսի համար հնարավորությունների վատթարացումը:

Գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վերջին հարցման համաձայն՝ 18-ից 25 տարեկան թուրքերի ավելի քան 70 տոկոսն ասել է, որ կգերադասի ապրել այլ վայրում, մինչդեռ ավելի քան 60 տոկոսն ասել է, որ Թուրքիայում լավ ապագա չի տեսնում: Սակայն ոչ միայն երիտասարդներն են ելք փնտրում։ Թուրքիան կորցրել է միլիոնատերերի թվով երրորդ տեղն աշխարհում, ասվում է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության զեկույցում։


2021 թվականին հրապարակված զեկույցում ասվում է, որ 2021-ին նախորդող երեք տարիների ընթացքում Թուրքիայից հեռացել են 23 հազար գործարարներ, այդ թվում՝ 10 հազար միլիոնատերեր։ 2020 թվականին թուրքական կապիտալի արտահոսքը հասել է գրեթե 44 միլիարդ դոլարի։

Միշտ չէ, որ այդպես է եղել։ Երբ 2003 թվականին Էրդողանն առաջին անգամ ստանձնեց պաշտոնը որպես երկրի վարչապետ, ամեն ինչ լավ ընթացքի մեջ էր: Թուրքիայի տնտեսությունը վերելք էր ապրում, իսկ գործազրկության մակարդակը նվազում էր։ Հանրապետության գալիք հարյուրամյակն այս տարի պետք է հաջողության ուրախ տոն լիներ։ Սակայն դրա փոխարեն, «Նոր Թուրքիան», որը Էրդողանը ձգտում էր ստեղծել, ավելի շատ է գնում դեպի ավտորիտարիզմը, ասում է Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի քաղաքագիտության ասիստենտ Ահմեդ Էրդի Օզթուրքը:

«Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր մենք արտագաղթի մի քանի ալիքներ ենք տեսել, սակայն այս նոր ալիքն ուժեղացել է՝ 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում իշխանությունների կողմից ցույցերը ճնշելուց, ինչպես նաեւ 2016 թվականի ձախողված հեղաշրջումից հետո: Այդ ժամանակվանից ի վեր բոլոր ծագման մարդիկ հեռանում են՝ ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, հայտնի մարդիկ, միջին բարձր դասի եւ նույնիսկ կրոնական խմբեր», - ասել է Օզթուրքը:

Նրանք միանում են մի սփյուռքի, որը վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում բնակություն է հաստատել Եվրոպայում։ Երկրի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ներկայումս ավելի քան 6,5 միլիոն թուրքեր ապրում են արտասահմանում։

«Մարդիկ հույս ունեն, որ դրական փոփոխությունները կվերադառնան», - ասել է Օզթուրքը․ «Եթե լինի իշխանափոխություն եւ վերականգնման գործընթաց, մենք կարող ենք վերադարձի միգրացիա տեսնել, սակայն հիմա հեռացածների մեծ մասը փոփոխության հույս չի տեսնում։ Թվում է, թե ընտրություններից հետո կարող ենք տեսնել Թուրքիայից հեռանալ ցանկացողների հերթական ալիքը»։

Վերջին արտագաղթը իր ազդեցությունը թողեց Թուրքիայի վրա: «Մենք լսում ենք, որ շատ մարդիկ խոսում են հեռանալու մասին, եւ սա լուրջ խնդիր է։ Սա Թուրքիայի ամենակարեւոր կապիտալն է, եւ այն հոսում է հեռու», - ասում է Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալփեր Քոսքունը: «ԱԶԿ-ի, նրա քաղաքականության եւ երիտասարդ սերնդի միջեւ բացը ակնհայտ է: ԱԶԿ-ին ավելի մեծ աջակցություն է նկատվում ավագ սերնդի մոտ»: