Իսրայելը կարծում է, որ իրանական Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակումը հասել է իր նպատակին, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով օպերացիայի քննարկումներին մոտ կանգնած աղբյուրները։

Ավելի վաղ WSJ-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իրանի Սպահանում ՊՆ գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում կանգնած է Թել Ավիվը։

Հրապարակման աղբյուրները պնդում են, որ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումն իրականացրել է Մոսադի հետախուզությունը, իսկ հարվածները հասցվել են օբյեկտի շենքերի չորս վայրերում։ Աղբյուրները իսրայելական գործողությունն անվանել են հաջողված՝ չհայտնելով մանրամասներ։

Կիրակի գիշեր ուժեղ պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքով հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել է հրդեհ շարժիչային յուղերի գործարանում։

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրանցի պաշտոնյային, հայտնում է, որ նախնական նշանները վկայում են Իսրայելի մասնակցության մասին Սպահանի հարձակմանը: