Շրջափակումը պատերազմ վարելու մեթոդներից մեկն է։ Ուստի, այս պահին կարելի է պնդել, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի դեմ սկսված պատերազմը։ Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամի մասին խոսակցությունները պետք է դադարեցվեն։


«Խոսքն Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության մասին է, որն ուղղված է ցեղասպանությանը։ Մարդասիրական աղետը միայն այս քաղաքականության հետեւանքներից մեկն է։ Իսկ Բաքվի իրական նպատակը ցեղասպանությունն է»,- կարծում է Հարությունյանը։

Բացի այդ, նա կոչ արեց չշփոթել «միջանցք» եւ «ճանապարհ» հասկացությունները։ Միջանցքը, նրա խոսքով, Հայաստանի եւ Արցախի միջեւ կապի ապահովման հնարավորություն է հանրապետության լիարժեք կենսագործունեության համար։

«Իսկ դա ենթադրում է ոչ միայն ապրանքների եւ մարդկանց տեղափոխում, այլեւ մի շարք կենսական կարեւորության ենթակառուցվածքների ապահովում, ինչպիսիք են գազատարը, էլեկտրահաղորդման գիծը եւ այլն»,-պարզաբանեց նա։

Լաչինի միջանցքը, նրա կարծիքով, պետք է վերածվի կրիտիկական ենթակառուցվածքների միասնության, որոնք պետք է գործեն մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը։