Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ:

Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:

Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով իրականացվում է քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ:

«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկն` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է»,- գրել էր նախկին նախարարը: