ԱՄՆ-ն ուրբաթ սեւ ցուցակում ներառել է վեց չինական կազմակերպություն, որոնք, ԱՄՆ իշխանությունների պնդմամբ, կապված են եղել Պեկինի օդատիեզերական ծրագրերի հետ՝ որպես ենթադրյալ չինական լրտես-օդապարիկի համար իրենց վրեժխնդրության մի մաս, որը հատել է ԱՄՆ օդային տարածքը, հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն հայտարարել է, որ նշված վեց չինական կազմակերպությունները սեւ ցուցակում են հայտնվել «Չինաստանի ռազմական արդիականացման ջանքերին աջակցելու համար, մասնավորապես՝ Ժողովրդական ազատագրական բանակի օդատիեզերական ծրագրերին, ներառյալ օդանավերը եւ օդապարիկները»։

Առեւտրի փոխնախարար Դոն Գրեյվսը Twitter-ում գրել է, որ իր գերատեսչությունը «առանց վարանելու կշարունակի օգտագործել» նման սահմանափակումները եւ կարգավորման եւ կիրառման այլ գործիքներ՝ ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Վեց կազմակերպություններն են՝ Beijing Nanjiang Aerospace Technology Co., 48th Research Institute China Electronics Technology Group Corporation, Dongguan Lingkong Remote Sensing Technology Co., Eagles Men Aviation Science and Technology Group Co., Guangzhou Tian-Hai-Xiang Aviation Technology Co. եւ Shanxi Eagles Men Aviation Science and Technology Group Co.։

Այս քայլը, հավանաբար, կհանգեցնի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական սկանդալի հետագա սրմանը, որի պատճառը անցած հանգստյան օրերին Կառոլինայի ափերի մոտ խոցված օդապարիկն էր, նշում են ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղյալ է հայտարարել նախատեսված այցը Պեկին՝ կապված վերոնշյալ միջադեպի հետ։