Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառը, որը փետրվարի 9-ից չի գործում, այսօր վերաբացվել է։ Այս մասին  ասաց «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանը։

Նա նշեց, որ Հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ուրբաթ այցելել է տոնավաճառ եւ արձանագրել, որ գրեթե բոլոր խախտումները վերացված են։

«Մեզ մոտ արձանագրված խախտումները շատ քիչ էին, այժմ մնացել է միայն մեկ խախտում, որի վերացման համար մենք մի քանի ամիս ժամանակ ենք խնդրել»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել է, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։