Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Կարիքները վիթխարի են, ավելանում են ժամ առ ժամ։ Երկու երկրներում էլ մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի»,- ասել Է նա։ Կազմակերպությունում նշել են, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, վիրավորների թիվը գրեթե 100 հազար է, իսկ Սիրիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի զոհ է դարձել գրեթե 5 հազար մարդ։ «Այս բոլոր թվերն, ամենայն հավանականությամբ, կաճեն», - ընդգծել Է Կլյուգեն:
«Մենք վերջին հարյուրամյակում ամենամեծ բնական աղետի ականատեսն ենք ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում: Մենք դեռ ուսումնասիրում ենք դրա մասշտաբները», - հավելել Է նա։ ԱՀԿ-ն դիմել Է 43 միլիոն դոլար տրամադրելու կոչով՝ երկրաշարժի հետևանքների վերացման, ինչպես նաև տուժածներին օգնության համար: «Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին այս գումարը կկրկնապատկվի, քանի որ մենք կունենանք այս ճգնաժամի մասշտաբների և կարիքների ավելի ստույգ գնահատումը»,- ասել Է տարածաշրջանային բյուրոյի տնօրենը: