Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ` ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ավան Հ. Աճառյան փողոց 35/23հասցեում գտնվող բնակելի տունը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով:

«Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն՝ նստավայր պետությունը պետք է աջակցի հավատարմագրող պետությանը, իր օրենքների համաձայն, իր տարածքում ձեռք բերելու ներկայացուցչության գործունեության համար անհրաժեշտ շենքեր կամ պետք է հավատարմագրող պետությանը օգնություն ցույց տա որևէ այլ ճանապարհով շենքեր ստանալու: Նա անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներկայացուցչություններին օգնություն ցուցաբերի հարմար շինություններ ձեռք բերելու իրենց աշխատակիցների համար:

Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդված 1-ին կետի ՝ օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն՝ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք: