Փետրվարի 21-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Nissan rogue» (վարորդ՝ Խ․Խ․, ծնված 1978 թ․), «Renault Logan» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1971 թ․) և «Mitsubishi Chariot» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan rogue» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։