Ադրբեջանը պետք է հրաժարվի մաքսիմալիստական ​​պահանջներից, ռազմատենչ հռետորաբանությունից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից։ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն ասաց, որ իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրանով պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի մասին։ Այս համատեքստում նշվել է հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության կարեւորությունը։ Վստահ եմ, որ դա կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, նշեց նախարարը։


Արտգործնախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, այլեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, որը ստորագրել է Ադրբեջանը։ 2,5 ամիս շարունակվող շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը էներգետիկ ճգնաժամ է ստեղծում՝ բազմիցս միտումնավոր խափանելով Հայաստանից Արցախ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Նրա խոսքով, նպատակն ակնհայտ է՝ ստեղծել անտանելի պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը։ Այս մասին բացահայտ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հատկապես կարեւորում է միջազգային հանրության ուշադրությունն ու առարկայական գործողությունները՝ էթնիկ զտումները կանխելու ուղղությամբ։

Կարեւոր է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ մարդասիրական իրավիճակը գնահատելու, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար, հավելեց նախարարը։ Միաժամանակ, նա նշեց Լյուքսեմբուրգի դիրքորոշման կարեւորությունը, նկատեց, որ ժողովրդավարական արժեքների կրող Հայաստանը միայնակ չէ եւ վայելում է գործընկերների աջակցությունը։

Միրզոյանը նաեւ նշեց, որ չնայած ամեն ինչին, Հայաստանի համար առաջնահերթ է մնում խաղաղության օրակարգը, Հայաստանը բացառում է ուժի կիրառումը եւ դրա կիրառման սպառնալիքը՝ համարելով, որ կառուցողական դիրքորոշումը նախադրյալներ է ստեղծում հարցի լուծման համար։