Հայաստանն անընդունելի է համարում ուժի կիրառման սպառնալիքով համաձայնությունների վերանայումը։ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Լաչինի միջանցքում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» տեղում անցակետ ստեղծելու մասին Ադրբեջանի նախագահի պահանջի վերաբերյալ հարցին։

Նախարարը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի արգելափակմանն անմիջապես հետեւեց Հայաստանի արձագանքը, ընդ որում Լաչինի միջանցքի հետ կապված կարգավորումները ձեռք են բերվել եւ արտացոլված են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով այս կարգավորումների վերանայումը մեզ համար անընդունելի է եւ չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը։


Նրա խոսքով, Բաքվի նպատակներն ակնհայտ են, եւ դրանք կայանում են Լաչինի միջանցքին համարժեք երթուղի ստանալու փորձի մեջ։ Հայկական կողմի համար սա նոր նարատիվ չէ, եւ այս հարցով Երեւանի դիրքորոշումը նույնպես հայտնի է։ «Մենք ունենք Լաչինի միջանցքը, որն, ի դեպ, մինչեւ վերջին պատերազմը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացքում մատնանշվում էր որպես բացառիկ մարդասիրական ճանապարհ։

Հաշվի առնելով, որ Արցախի հայությունը բոլոր կողմերից շրջափակված է Ադրբեջանով, Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն էր, այս միջանցքին ի սկզբանե մեծ նշանակություն էր տրվում։ Եվ ադրբեջանական կողմը նույնպես ընդունում էր այս փաստը»,- ասաց նախարարը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունները նույնպես արտացոլված են ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, այնպես էլ հետագա փաստաթղթերում։ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է եւ շատ կառուցողական։ Մենք մեր հանձնառությունն ենք հայտնել տարածաշրջանային, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունների արագ ապաշրջափակմանը՝ համաձայն այն պետությունների ինքնիշխանությանն ու օրենսդրությանը, որոնց տարածքով անցնում են երթուղիները։ Կարծում եմ, որ սա շատ հիմնավոր, կառուցողական եւ թափանցիկ մոտեցում է»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ մոտեցումը հաստատվել է Մյունխենի հանդիպումներում։ Միաժամանակ նա ընդգծեց գործող համաձայնագրերի վերանայմանն ուղղված ուժի կիրառման սպառնալիքի եւ ագրեսիվ քաղաքականության անթույլատրելիությունը։