Ֆրանսիայի հարավում, գինեգործարանի տարածքում երկրաբանները հայտնաբերել են նոր «հարվածային» խառնարան, որն առաջացել է երկաթանիկելային մետեորիտի ընկնելուց հետո։ Երկրի վրա հայտնի է ընդամենը 190 նման խառնարանների մասին։ Դրանք տիեզերական մարմինների հարվածների հետքեր են, որոնք արագ լցվում են ջրով, դրանցում բուսականություն է աճում, եւ տեղի են ունենում տեկտոնական պրոցեսներ, տեղեկացրել է Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանը։

Խառնարանի տրամագիծը մոտ 220 մետր է, խորությունը՝ 30 մետր։ Թե երբ է այն առաջացել՝ հայտնի չէ։ Դրա մակերեսին այժմ Domaine du Météore գինեգործարանի խաղողի այգիներն են։


1950-ական թթ. երկրաբաններն արդեն առաջ էին քաշում խառնարանի մետեորիտային ծագման մասին տեսությունը, բայց 14 տարի անց այդ տեսությունը սխալ է համարվել այն պատճառով, որ խառնարանում եղել են մագնիսական անոմալիաներ։ Բայց գինեգործարանը, միեւնույն է, անվանել են ի պատիվ խառնարանի՝ մարքեթինգային նպատակներով։

2022թ. գիտնականներն ընդգրկուն ուսումնասիրություն են կատարել եւ հաստատել 50-ական թթ. գործընկերների վարկածը։ Խառնարանի ներսում մագնիսական դաշտը նվազում է դեպի խառնարանի հատակ ուղղությամբ։ Նվազագույն լարվածությունը մոտ 100 նանոտեսլա է, դա բնորոշ է ոչ մեծ «հարվածային» խառնարաններին։

Երկնային մարմնի ընկնելու պատճառով թերթաքարակվարցիտային շերտերը ճզմվել են։ Հարվածի ժամանակ առաջացել է հատուկ հանքատեսակ։ Գտնվել են նաեւ երկաթե միկրոգնդեր եւ միկրոադամանդներ։ Դրանք առաջ են գալիս Երկրի մակերեւույթին մետեորիտի հարվածի դեպքում։