Կորեացի գիտնականները ստեղծել են ջրի մաքրման ժամանակ էլեկտրաէներգիա արտադրելու միջոց: Այս մասին հայտնում է Կորեայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտը։

Ստեղծված «բուտերբրոդանման» թիթեղը բաղկացած է ներքեւի մասում ծակոտկեն թաղանթից, որը զտում է ջուրը, եւ վերեւում ամրացված հաղորդիչ պոլիմերից, որն արտադրում է էլեկտրականություն: Թաղանթը նախատեսված է հոսող ջրերի մաքրման համար։


Թաղանթը կարող է պահել 10 նմ-ից փոքր չափի աղտոտվածությունների ավելի քան 95 տոկոսը: Այսպիսով, այն հեռացնում է միկրոպլաստիկը եւ ծանր մետաղների մասնիկները հոսող ջրերից, եւ էլեկտրաէներգիան կարող է շարունակաբար արտադրվել ավելի քան 3 ժամ՝ օգտագործելով ընդամենը 10 մկլ (միկրոլիտր) ջուր:

Քանի որ թաղանթը կարող է պատրաստվել 3D տպիչի միջոցով եւ չունի չափի սահմանափակումներ, այն պետք է ունենա կոմերցիոն գրավչություն՝ արտադրության ցածր ծախսերի պատճառով: Այս պահին գիտնականները փորձում են ջրի մաքրման որակը բարձրացնել այն մակարդակի, որ այն հնարավոր լինի անմիջապես խմել։