«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանին եւ երիտասարդ պատգամավորների ցանցի աշխատանքային նիստին մասնակցելու համար փետրվարի 22-25-ը Վիեննա են գործուղվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, ընդդիմությունից՝ ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նախօրեին՝ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին «Վերադարձ Ղարաբաղ» ադրբեջանական ՀԿ նախագահ, հակահայ Թուրալ Գյանջալիեւը 2 անգամ հակահայկական կեղտոտ ելույթ է ունեցել, որին իշխանականները չեն արձագանքել՝ ապացուցելով, որ հարկատուներիս հաշվին իրենք միայն վոյաժների են մեկնում։ Միայն Լիլիթ Գալստյանն է հակադարձել նրան։


«Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, երեկ Մարդու իրավունքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակվել է իրենց «էկոակտիվիստ» հայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էության, նրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներն են, իսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականությունը։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդը հայտնվել է պատանդի կարգավիճակում, եւ շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է»,- ասել է Լիլիթ Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում