Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը շաբաթ օրը սոցցանցերի իր էջերում հրապարակել է լուսանկար, որտեղ, ըստ նրա, պատկերված է առասպելական էլֆանման անտառային ոգի, հաղորդում է Associated Press-ը:

Լոպես Օբրադորը կարծես թե չի կատակել, երբ հրապարակել է «ալուքսի»՝ չարաճճի անտառային ոգու լուսանկարը մայաների բանահյուսությունից:


Նա գրել է, որ լուսանկարը «երեք օր առաջ ինժեներն է արել, կարծես թե սա ալուքս է»։

Գիշերային լուսանկարում երեւում է ծառ, որի ճյուղը նման է մազերի լուսապսակի, իսկ ֆիգուրի աչքերը, հնարավոր է, աստղերով են ձեւավորված:

Լոպես Օբրադորը վաղուց հարգանքի տուրք է մատուցում բնիկ ժողովուրդների մշակույթին եւ հավատալիքներին: Ինժեներներն ու բանվորները Յուկատան թերակղզում կառուցում են զբոսաշրջային գնացք, որը նախագահի սիրելի նախագիծն է:

Մայաների ավանդական հավատալիքների համաձայն՝ «ալուքսները» փոքր, չարաճճի արարածներ են, որոնք ապրում են անտառներում եւ դաշտերում եւ հակված են կատակելու մարդկանց հետ, օրինակ՝ թաքցնել նրանց իրերը: Որոշ մարդիկ փոքրիկ նվերներ են թողնում նրանց հանգստացնելու համար:

Մայաների հնագույն քաղաքակրթությունն իր գագաթնակետին է հասել մ.թ.ա. 300-900 թվականներին՝ Յուկատան թերակղզում եւ Կենտրոնական Ամերիկայի հարակից տարածքներում, սակայն մայաների հետնորդները շարունակում են ապրել թերակղզում։

Նրանցից շատերը շարունակում են խոսել մայաների լեզվով եւ կրել ավանդական հագուստ, ինչպես նաեւ պահպանում են ավանդական սննդամթերքները, գյուղատնտեսական մշակաբույսերը, կրոնը եւ բժշկությունը՝ չնայած 1527-1546 թվականներին իսպանացիների կողմից տարածաշրջանը գրավելուն: