«Հրապարակ» թերթը գրում է. «Արդշինբանկը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի եւ դատարանից պահանջում է նրան պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն հանդիսացող գրառումը, որը Խզմալյանն արել է իր ֆեյսբուքյան էջում։ Բանկը նաեւ ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ 6 մլն դրամի չափով։ Մեզ հետ զրույցում Խզմալյանը պարզաբանեց, թե ինչ գրառման համար են իր դեմ հայց ներկայացրել․

«Երկու գրառում կար, որոնցից մեկը հոդված էր այն մասին, թե ինչպես պատերազմի մասնակցին պատերազմի ամիսներին չվճարված գումարի համար տուգանեցին, նա փորձեց վիճարկել, խնդիր առաջացավ, տուգանման գումարը կտրուկ աճեց, բայց հետո մենք ընկերներով փակեցինք։ Հոդվածը կոչվում էր․ «Ազատամարտիկը՝ ընդդեմ Արդշինբանկի»:


Բավականին վաղուց էր` անցած տարի։ Իսկ մեկնաբանություններում կար մի միտք, որ Հայաստանի 3 ձեռնարկություններ, այդ թվում՝ Արմիմպեքսբանկը, հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ես փորձեցի գտնել այդ Արմիմպեքսբանկի պոչը եւ տեսա, որ 2017 թվականին այդ բանկը, ըստ Արդշինբանկի հրապարակած պաշտոնական տեղեկությունների, ձուլվել էր Արդշինբանկին։ Ես հարց տվեցի, թե ով գիտի՝ արդյոք խոսքը գնում է Արդշինբանկի՞ մասին, քանի որ ցուցակում Արդշինբանկը չկար, բայց կար մի բանկ (Արմիմպեքսբանկը), որը հիշատակված էր ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի պատժամիջոցների ցանկում, եւ հայցում հիշատակվում է հենց այդ գրառումը։ Ավելի ճիշտ՝ դա ոչ թե գրառում էր, այլ քոմենթների մեջ էր, իրենք բացել են քոմենթները եւ կցել գործին»։ Այսինքն, բանկը դիմել է դատարան` պնդելով, որ իրեն զրպարտել են` իր նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ չկան:

Նշենք, որ հայցը դատարանը վարույթ է ընդունել 2022-ին, այն մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, վերջին նիստը կայացել է հունվարի 9-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում