Մենք ոչ մի նախապայման չունենք. Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք հարևաններ ենք և պետք է ունենանք հարաբերություններ: Այս մասին նախօրեին՝ մարտի 2-ին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

«Անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք, հենց այսօր, առանց որևէ չափազանցության հենց այսօր բացել սահմանը։ Ի դեպ, մենք չենք փակել սահմանը, այն փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց հիմա մենք շատ կարևոր քայլ ենք արել։ Ինչպես ասացի, մեր հումանիտար օգնությունը հասավ Թուրքիա սահմանի միջոցով։ Իհարկե, մեր արձագանքը և դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված էր հումանիտար մոտեցման վրա։ Բայց եթե Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումն ունենա նաև որոշակի քաղաքական հետևանքներ, մենք դրա համար ուրախ կլինենք»,-ասել է Փաշինյանը:


Պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Նիկոլ Փաշինյան