Պետք է ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունը մեծ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ գերիներին հայրենադարձելու համար։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է ցույց տանք, որ ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 8–րդ կետի համաձայն՝ իր կողմից ստանձնած պարտավորությունները, այն է՝ գերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք վերադարձվում կամ հայրենադարձվում են, չի կատարում։ Այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք, որ միջազգային հանրությունը, կազմակերպությունները, պետությունները մեծ ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։