Դոլարի փոխարժեքը երկուշաբթի առավոտյան նվազում է մյուս հիմնական համաշխարհային արժույթների նկատմամբ։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Ներդրողները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի ելույթներին։

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մինչեւ 1,0644 դոլար։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը 135,86 իենից իջել է մինչեւ 135,61 իեն։ Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) նվազել է 0,06 տոկոսով՝ մինչեւ 104,46 կետ:


Փաուելը երեքշաբթի եւ չորեքշաբթի ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում:

Ըստ CME Group-ի տվյալների՝ վերլուծաբաններն ակնկալում են մարտին առանցքային տոկոսադրույքի նոր աճ․ 75,3 տոկոս՝ կրկին 25 բազիսային կետով, մինչեւ 4,75-5 տոկոս տարեկան, եւ 24,7 տոկոս՝ արդեն 50 բազիսային կետով: Տոկոսադրույքի բարձրացումն ավանդաբար աջակցում է ազգային արժույթի փոխարժեքին, բայց ներդրողները կգնահատեն նաեւ բարձրացման ցիկլի հնարավոր ավարտի ժամկետները:

Ուրբաթ օրը կհրապարակվեն նաեւ ԱՄՆ-ում գործազրկության վերաբերյալ տվյալները: Այս ցուցանիշը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԴՊՀ-ի որոշումների համար ամենակարեւորներից մեկն է: Փորձագետները ենթադրում են, որ երկրում գործազրկությունը փետրվարին պահպանվել է հունվարի 3,4 տոկոսի մակարդակում, իսկ տնտեսության ոչ գյուղատնտեսական ճյուղերում աշխատատեղերի թիվն աճել է 200 հազարով՝ մեկ ամիս առաջ 517 հազարով ավելանալուց հետո։