Իրաքը նախատեսում է հինգ միլիոն արմավենիներ եւ այլ ծառեր տնկել՝ գլոբալ տաքացման հետեւանքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին, հայտնում է RFI-ն։

Իրաքը տառապում է ամառվա ծայրահեղ շոգից, հաճախակի երաշտներից, անապատացումից եւ փոշու կանոնավոր փոթորիկներից: Հատկապես շատ խնդիրներ են առաջացնում, այսպես կոչված, հաբուբները՝ հզոր փոթորիկները, որոնք կարող են ստվերել երկինքը ավազի եւ փոշու զանգվածներով: Ավելի քան յոթ միլիոն իրաքցիներ արդեն տուժել են կլիմայական փոփոխություններից, իսկ հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են երաշտի պատճառով, ասել է վարչապետը: Անցյալ գարնանը մոտ մեկ տասնյակ խոշոր ավազի կամ փոշու փոթորիկներ են հարվածել Իրաքին: Դրանք ծածկել են Բաղդադը եւ այլ շրջաններ՝ հազարավոր մարդկանց շնչառության դժվարություններ առաջացնելով եւ ստիպելով փակել օդանավակայաններն ու դպրոցները։


Այս կապակցությամբ կառավարությունը հայտարարել է «անտառահատումների դեմ պայքարի զանգվածային նախաձեռնության մասին, որը ներառում է հինգ միլիոն ծառերի եւ արմավենիների տնկում Իրաքի բոլոր մուխաֆազներում [շրջաններում]»։ Արդյունքում, ի թիվս այլ բաների, քաղաքների շուրջը կհայտնվեն կանաչ գոտիներ, որոնք կպաշտպանեն քամու եւ փոշու հոսքերից։

Բացի այդ, վարչապետը դժգոհել է Թուրքիայի գործողություններից, որը պատնեշներ է կառուցել Տիգրիսի եւ Եփրատի վերին հոսանքներում։ Դրա պատճառով Իրաքի տարածքում այս գետերի ջրի մակարդակը նվազել է, ինչը տարածաշրջանի անապատացման գործոններից մեկն է։ «Հոսանքն ի վեր տեղակայված երկրներում միակողմանի վերահսկողությունը ջրային ռեսուրսների նկատմամբ մեծացնում է այն երկրների խոցելիությունը, որոնք բախվում են կլիմայի փոփոխության հետեւանքներին»,- եզրափակել է քաղաքական գործիչը: