Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հարցով բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը ներկայացվել է Հանրապետության մեջլիսում (խորհրդարան): Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Խորհրդարանում է գտնվում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին օրինագիծը, ուստի երկխոսության դուռը կարող է փակվել»,-ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ Իրանը նախկինի պես հավատարիմ է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությանը՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի եւ հանրապետության իշխանությունների միջեւ ընթացիկ ամսվա սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։