Այսօր Եղիշեն (կապիտան Եղիշե Հակոբյան, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը-խմբ ) ուզում է փրկվի, մենք չգիտենք, թե մինչեւ հրդեհը ինքն ինչ գործողություն է կատարել: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

«Մենք մեր ծառայության ընթացքում չենք տեսել, որ հրամանատարը վառարան վառի, կամ եթե վառարանը վառվում էր, պատճառը ո՞րն էր վառարանը թեժացնելու, որովհետեւ 28 քմ տարածքում 21 հոգի ապրելու դեպքում վառարան վառելու կարիք չի զգացվում: Վառարանը եղել է միջանցքում, ննջասենյակի դուռը փակ է եղել, այսինքն զինվորները չէին մրսում, այդ դեպքում վառարանը վառելն ո՞ւմ էր պետք»,-ասաց նա:


Զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ ասաց. «Այս ամենը ծածկադմփոց անլու լվագույն միջոցն է, որի հրամանը եկել է վերեւից: Ամեն դեպքում, մինչեւ այսօր ես դա եմ տեսնում: Զինդատախազին մեր գլխավոր հարցն այն է լինելու, որ 2,5 ամիս անցել է, ի՞նչ աշխատանք։ եք կատարել տվյալ ուղղությամբ, բացի հակասական ցուցմունքներից: Ընդհանրապես, դու մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե չէ: Մի գիշերվա մեծ քնած տեղը 15 զոհ են տվել, էդքանից հետո նույն օրը գնացել են Իջեւանում խնջույքի են մասնակցել սգո օր հայտարարելու փոխարեն: Եթե էդ երեխեքը ձեզ պետք չէին, մեզ համար ամենաթանկն էին, տայիք մեզ: Ինչո՞ւ նրանց համար պայմաններ չեն ստեղծել, ինչու չեն հետեւել:

Երեխեքի դիերը դեռ դիահերձարաններում էին, իրենք գնացել են խնջույքի: Բա իր (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) արած հայտարարությունը, արա, դու ինչ գործ ունես էդ պահին հելնես ելույթ ունենաս, հայտարարություն անես: Քո հայտարարություն անելու վախտը չի, դու նստի տեղդ, սպասի, թե քեզ ինչ են զեկուցում: Այդտեղից երեւաց, որ այս գործը դեպի ծածկադմփոց է գնում:

Որոշ անուղեղներ ասում են՝ դիերն արագ-արագ տեղափոխել են, մտածել են կարող է երեխեքինհնարավոր լինի օգնություն ցույց տալ: Էդ շտապօգնության բժիշկները չէին հասկանո՞ւմ, որ դա անհնար է: Կամ շտապօգնության մեջ իրար վրա լցրեցին, որ տանեն օգնություն ցույց տա՞ն:

Ո՞նց կարող էին այդ աստիճան երեխեքն այրվեին, եթե այլ բան լցված չի եղել: Այդ սենյակում այրվող եղել է միայն իրենց անկողինը, բայց կրակը ո՞նց է հասել անկողիններին, եթե հատակը չի վառվել: Այն փրկված զինվորները, որ իբր այտեղից են դուրս եկել, իրենց մահճակալների տակն էլ վառված չի: Այսինքն որտեղ մտադիր չեն եղել վառվող նյութ լցնել, այտեղ չի այրվել: Բնական է, իրենք այնտեղ չեն եղել, մտադիր չեն եղել այդտեղ ինչ-որ բան լցնել: Ամեն ինչ բերում է նրան, որ հրդեհը սարքել են ծածկադմփոց անելու համար»:

Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։

Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։

Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։