«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում, չնայած դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին, նաեւ բնակիչներն են կանգնում սոցիալական խնդիրների առջեւ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել: Բանն այն է, որ շրջափակված Արցախում տարբեր ապրանքների գները մեծ չափով աճել են, ինչը պայմանավորված էր ապրանքների մատակարարման դժվարություններով, ստվերային երեւույթներով ու գների վերահսկողության խնդիրներով:


Դրանից հետո Արցախի կառավարությունը գների վերեւի շեմ էր հաստատել առանձին որոշմամբ՝ պարտավորեցնելով խանութներին հաստատված գներից բարձր գնով չվաճառել ստացված ապրանքները: Պարզվում է նաեւ, որ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերած երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը:

Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ում էին պատկանում առաջին բացահայտված ապրանքները, բայց, ըստ ստացած տեղեկությունների, երկրորդ դեպքը կապված է եղել Արցախում վատահամբավ Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո) անվան հետ, ում արդեն բեռնված ապրանքներն էլ նախքան Գորիսից դուրս գալը տեղում թափել է տվել պետական նախարարը՝ պետության համար կարեւոր ապրանքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ասում են նաեւ, որ որոշ պաշտոնյաներ ընդգրկված են եղել այդ ստվերային գործընթացներում, որոնց մասով լրացուցիչ ստուգումներ են կատարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում