Մի քանի, հիմնականում ռուս, մասնագետներից բացի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակի մարտավարական որակն ու անձնազոհ դիմադրությունը բարձր են գնահատել ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:

«Մի քանի, հիմնականում ռուս, մասնագետներից բացի 44–օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակի մարտավարական որակն ու անձնազոհ դիմադրությունը բարձր են գնահատել ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբում (չեմ կարող հղում տրամադրել, բայց ես դրա մասին գիտեմ։ Դուք որոշեք, վստահում եք իմ ասածին, թե ոչ)։

Նման թվային ու տեխնիկական ճեղքի պայմաններում հայկական զինված ուժերի արածը 44-օրյա պատերազմի ժամանակ պարզապես աներևակայելի սխրանք էր։ Դասալքության դեպքերը հիմնականում տեղ են գտել այն բանից հետո, երբ պաշտպանության գիծը ճեղքվել էր, երբ մեր հակաօդային պաշտպանությունն ու հրետանու մեծ մասն այլևս գոյություն չուներ ու կռիվը որսի էր վերածվել։ Հետևակի ու զրահատեխնիկայի կռիվ չէր դա արդեն։ Օդից ու հեռահար հրետանիով մեր անպաշտպան զինվորներին պարզապես ոչնչացնում էին ու մերոնք դրան հակադրելու ոչինչ չունեին։ Ու նույնիսկ էդ վիճակում, նույնիսկ էն բանից հետո, երբ զինված ուժերի ղեկավարությունը հորդորել էր բանակցային լուծում փնտրել, երկրի ղեկավարը զինադադարի միջնորդություններ էր մերժում ու կամավորագրվելու կոչեր անում։ Զինված ուժերի ղեկավարությունն, իմիջիայլոց, պատերազմից առաջ էլ էր նույն բանը հորդորել իրադրությունը շատ լավ հասկանալով։

Բայց երկրի ղեկավարը կայացնում էր որոշումներ, որոնք հիմնված էին ռացիոնալ վարքագծի ամենամինիմալ ստանդարտների բռնաբարության վրա ու որոնք էս աղետի միակ պատճառն են։

Հիմա էլ երկու տարի արդեն ընկած մեր ինտելեկտն են բռնաբարում ընտանյոք հանդերձ օրական մի քավության նոխազի վրա հարձակվելով։ Բայց ամենահետաքրքիրը դա չի։

Ամենահետաքրքիրն այն է, որ էս կործանարար, բայց միաժամանակ պարզունակ ու անհետաքրքիր սրիկաները դեռ ընտություններ են հաղթում»,- գրել է նա։