Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակը»:

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,-նշել է նա:


Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նա նաեւ նշել է. «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»: