«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետեւից։ Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի:

Այս պահին իրավապահները հետեւում են քննության ընթացքին, որպեսզի վերջնական որոշում կայացնեն, թե Աննա Վարդապետյանը կոնկրետ ինչ պահանջով մտնի խորհրդարան՝ միայն անձեռնմխելիությունից զրկելու, թե նաեւ կալանքի միջնորդությամբ: Ասել է թե՝ Մհեր Սահակյանի կալանքի հարցը դեռ երեկվա դրությամբ որոշված չէր, իսկ թե ինչ կլինի այսօր կամ վաղը, կհետեւենք զարգացումներին:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ հարցեր էին երեկ տալիս քննիչները ԱԺ պատգամավորներին. որտե՞ղ էիք դուք նստած, ինչի՞ց սկսվեց վեճը, Մհեր Սահակյանի ձեռքին ինչ-որ իր տեսե՞լ եք, որով նա հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, թե՞ ոչ, որտե՞ղ ընկավ Վլադիմիր Վարդանյանը, եւ այսպես շարունակ: Նկատենք, որ ՔՊ պատգամավորներից որեւէ մեկը հստակ չի ասել, որ Մհեր Սահակյանի ձեռքին որեւէ իր է եղել, որով նա հարվածել է Վարդանյանին:

Քննիչները հետաքրքրվում են պատգամավորի ձեռքում եղած ինչ-որ առարկայի մասին, քանի որ Վլադիմիր Վարդանյանն է իր հաղորդման մեջ հստակ նշել, որ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Մհեր Սահակյանը պնդում է, որ բռունցքով է հարվածել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում