Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Փարիզը ընդհանուր դիրքորոշում ունեն, որ բանակցությունները պետք է շարունակվեն փոխադարձ հարգանքի հիման վրա՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար, հաղորդում է Mehr-ը։

Ամիր Աբդոլլահիանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Պեկինում իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ հանդիպումից մեկ օր անց։

Մասնավորապես, նա քննադատել է Ֆրանսիային 2015 թվականի միջուկային համաձայնագրով իր պարտավորությունները չկատարելու համար, որը պաշտոնապես հայտնի է որպես գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ):

«Ես նաեւ ընդգծել եմ, որ ֆրանսիացի ցուցարարների իրավունքները պետք է պահպանվեն»,- նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հարաբերությունները, յոթ տարվա ընթացքում խզված հարաբերությունների կարգավորման մասին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ վերջերս կնքված համաձայնագիրը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները եւ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Պաղեստինն ու Լիբանանը, ինչպես նաեւ Թեհրանի խաղաղ միջուկային ծրագիրը եւ պատժամիջոցների վերացումը:

Ամիր Աբդոլլահիանը գլխավորել է իրանական պատվիրակությունը Պեկինում Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հաշտեցման բանակցություններում:

Պեկինը հանդիպման անցկացման վայր է ընտրվել որպես իրանա-սաուդական մերձեցման միջնորդության եւ երկու մերձավորարեւելյան տերությունների միջեւ հաղորդակցությանը նպաստելու գործում նրա դրական դերի շարունակություն, նշում է իրանական լրատվամիջոցը։