Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ միաժամանակ մեղադրելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին եւ փորձելով ապատեղեկատվություն տարածել Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի ակտի մասին։

«Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը՝ հաջակցություն Հայաստանի, կապված ապրիլի 11-ին հայկական կողմի սադրանքի հետ Լաչինի շրջանում մեր դիրքերի դեմ, չի արտացոլում իրականությունը։ Ֆրանսիան, որը ադրբեջանա-հայկական հակամարտության միջնորդ էր մոտ 25 տարի, Հայաստանի ագրեսիայի եւ օկուպացիոն քաղաքականության գնահատականը չի տվել, չի ձգտում հակամարտության կարգավորման, վարում է զրպարտչական արշավ մեր երկրի դեմ՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերջ է դրել օկուպացիային եւ ինքնուրույն կարգավորել է հակամարտությունը, եւ հերթական անգամ այդ հայտարարությամբ ցուցադրել է անարդար դիրքորոշում։ Ֆրանսիական կողմին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման հայտարարություններից, որոնք Հայաստանին մղում են հերթական սադրանքների՝ աջակցություն ցուցաբերելով ռեւանշիստական ուժերին»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։


Ապրիլի 11-ին, ժամը մոտ 16.00-ին Ադրբեջանի ԶՈւ-ի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի ԶՈւ-ի զինծառայողների ուղղությամբ, որոնք ինժերենական աշխատանքներ էին կատարում Տեղ համայնքի տեղամասում։ Ավելի ուշ ՊՆ-ն տեղեկացրել է ադրբեջանական կողմից ականանետային միջոցների կիրառման մասին։ Հայկական կողմն ունի չորս զոհ, վեց վիրավոր։ Կան սպանվածներ եւ վիրավորներ ադրբեջանական կողմում։