Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ որոշվել է, որ իրենց պատվիրակությունն, այդ թվում՝ մարզիկները պետք է Երևանից վերադառնան Ադրբեջան։

Պատճառը, համաեվրոպական ստուգատեսի բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից բեմում Ադրբեջանի դրոշի այրելու փաստն է։

Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է,

«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից այրվել է Ադրբեջանի դրոշը։
Նրանով հանդերձ, որ նման «բարբարոսական» արարքի կատարումը մի արարողության ժամանակ էր, որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը, և ուղեկցվում էր հայ հասարակության ծափահարություններով, այս արարքը կատարողին որպես հերոս ներկայացնելը վառ օրինակ է «Էթնիկ ատելության, ռասիզմի, այլատյացության, ադրբեջանաֆոբիայի այս երկրում, որը լիովին հակասում են սպորտի վեհ նպատակին և սկզբունքներին, որոնք նպաստում են ժողովուրդների միջև խաղաղությանն ու փոխըմբռնմանը: Սպորտի քաղաքականացումը կտրականապես անընդունելի է»։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է «ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին անհնար է հոգեբանական ճնշման պատճառով»։ Այս ամենը հաշվի առնելով՝ որոշվել է ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը։