«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետեւից սկանդալների կենտրոնում են հայտնվում:

Մեկ ԱԺ նախագահն էր սկանդալի կենտրոնում, մեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, վիրավորանքներով խոսեց ընդդիմության թեկնածուի հետ՝ սպառնալով մարմնի տարբեր մասեր կտրել: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրության «սքրինը», որտեղ երեւում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ:


Ուշագրավ է, որ նախկինների արատավոր վարքուբարքի մասին աղաղակող քաղաքական ուժն իր ներսում անգամ չի քննարկում այս աղմկահարույց դեպքերը, ավելին՝ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով փորձում են արդարացնել իրենց թիմակիցների անթույլատրելի արարքները:

Այս միջադեպերից հետո չհնչեց գեթ մեկ ներողություն ՔՊ-ականների կողմից, փոխարենը նրանք մեկը մյուսի հետեւից շտապեցին ներողություն խնդրել ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ թշնամի երկրի դրոշն այրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման քննարկում չի եղել նաեւ երեկ կայացած ՔՊ նիստում, որը անցնում էր ԱԺ 334 սենյակում:

Տպավորություն է, որ միջազգային հանրությունը եւս պատրաստ է աչք փակել գործող իշխանության նույնիսկ ամենալկտի արարքների վրա: Ստացվում է՝ ՔՊ-ականներն արտոնյալ են. այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է գործող իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում