«Ակադեմիական քաղաքի» համար լավագույն տեղադիրքն ենք ընտրել. Այն տեղակայվելու է Երեւանի, Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի հատման տեղում: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեպի «Զվարթնոց» օդանավակայան մի քանի ճանապարհ կա: Հաջորդը՝ «Հյուսիս-հարավ»-ի վրա է գտնվում, ինչը նշանակում է, որ նաեւ Գյումրիի օդանավակայանից շատ հեշտ, մեկ ժամվա հասանելիություն ունի: Բացի այդ, մենք Արագածոտնի մարզում, Արագածի լանջին երկու խոշոր տուրիստական ոլորտի՝ լեռնադահուկային եւ այլ ծրագիր է իրականացվում, որը նույնպես կարեւոր հանգամանք է: Մենք հույս ունենք, որ սա նաեւ Արագածոտնի, կոտայքի, Արմավիրի մարզերի զարգացմանը կարող է նպաստել»,-ասաց նա:


Փաշինյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի գործառույթը կլինի հետեւյալը. «Նախ կոնսոլիդացնել այն բոլոր հողատարածքները, որտեղ պիտի այս ծրագիրն իրականացվի: Բարեբախտաբար մեզ հաջողվեց Երեւանի մոտակայքում գտնել մոտ 3000 հեկտարից ավելի տարածք, որը պետական հող է: Այդ հողերը կամրակցենք հիմնադրամին: Հիմնադրամի առաջին գործառույթը կլինի մտածել անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասին: Հաջորդ գործողությամբ կփորձենք ստեղծել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, ապա նաեւ կոնկրետ բուհերը:

Միաժամանակ մենք բաց առաջարկով, հորդորով կդիմենք բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետեւյալը. մենք որոշել ենք, որ ՀՀ-ում պետք է լինի 8 պետական բուհ, որոնց ֆինանսավորումը պետք է լինի պետական: Այդ բուհերը որեւէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար»:

Փաշինյանն ընդգծեց, որ երեք կլաստերների հարցում համարյա կողմնորոշվել են. «Հայֆիլմի» տարածքում կունենանք արվեստների համալսարան եւ արվեստների ավագ դպրոց: Սա նշանակում է, որ մեր ընկալմամբ կունենանք բուհ եւ ավագ դպրոց, որտեղ արվեստի բոլոր ուղղությունները մեկ տեղում կլինեն: «Հայֆիլմի» տարածքում նախատեսում ենք ունենալ ունիվերսալ համերգասրահ, որը միաժամանակ կլինի եւ թատրոն, եւ կինոթատրոն, եւ օպերա, որ ուսանողները այդտեղ իրենց պրատիկ աշխատանքը իրականացնելու հնարավորություն ունենան:

Հաջորդ կլաստերը սպայական ավագ դպրոցն է եւ սպայական համալսարանը: Մենք պետք է գնանք այդ լուծմանը, եւ բոլոր սպայական մասնագիտություններից ներկայացուցիչները պետք է մի տեղում նախնական կրթությունը ստանան: Սա նաեւ պետական հարց է, որովհետեւ սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է: Մենք ՀՀ-ում նպատակադրված եւ գաղափարաբանորեն սպայական դաս ձեւավորելու հարցում լիարժեք մոտեցումներ ու գործիքներ չենք ունեցել:

Մենք նաեւ տեխնոլոգիական, մանկավարժական կլաստերի մասին ենք խոսել»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ակադեմիական քաղաքը «Հայֆիլմից» մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտի ավան կզարգանա. «Եթե ճարտարապետական հաշվարկները թույլ տան, կա ծրագիր այդտեղ հիմնելու Հայաստանի ազգային ստադիոնը, որը կարծում եմ՝ այս պատկերը կամբողջացնի: Սա մեգա նախագիծ է լինելու»: