Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն ընդգծում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց որևէ մեկը չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Նատալի Լուզոն նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Հայոց ցեղասպանության տարելիցը տխուր պահ է, սակայն նաև հնարավորություն է անցյալից դասեր քաղելու համար։ Անցյալում հայ ժողովուրդը, հայկական մշակույթը, ինքնությունը շատ հաճախ են ենթարկվել բռնության և ատելության։ Այսօր Ադրբեջանն ուժեղացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը և զրկում 120 հազար հայերի հիմնական իրավունքներից և կարիքներից։ Ադրբեջանի նախագահը հակված է իրականությունն ու Հայաստանի սուվերենությունը ժխտելուն։ Ցեղասպանությունից 108 տարի անց ոչ ոք չպետք է անլուրջ մոտենա հայ ժողովրդի դեմ նոր բռնության ռիսկին։ Թուրքիան՝ առավելևս, քան որևէ այլ երկիր»,- ասել է նա։

Նա հավելել է՝ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն ընդունեն և գնահատեն որպես մեծ երկիր, իսկ Թուրքիան, անկասկած դա ցանկանում է, պետք է դիտարկի Ցեղասպանության ճանաչումը որպես ազդակ այն բանի, որ ինքը ցանկանում է խաղաղ ապագա կառուցել՝ չնայած բռնարար անցյալին։