Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ SOCAR-ի գազատրանսպորտային համակարգերի օպերատորների միջեւ այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացումը, անշուշտ, կամրապնդի Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը եւ թույլ կտա Ադրբեջանին ավելի շատ գազ արտահանել եվրոպական ավելի շատ երկրներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ SOCAR-ի գազատրանսպորտային համակարգերի օպերատորների միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։

Ալիեւը վստահություն է հայտնել, որ «այսօրվա կարեւոր արարողությունը եւս մեկ քայլ կլինի մեր համագործակցության ամրապնդման համար»։


Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հուլիսին Ադրբեջանը եւ Եվրահանձնաժողովը հուշագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին, որի հիման վրա նախատեսվում է մինչեւ 2027 թվականը կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը ԵՄ շուկա։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ 2021 թվականին Ադրբեջանը Եվրոպա է մատակարարել 8 միլիարդ խմ գազ։ Նա ասել է, որ այս տարի նպատակ է դրվել այդ թիվը հասցնել 12 մլրդ խմ-ի. «Այսինքն՝ դա կլինի մեր ընդհանուր արտահանման ծավալի գրեթե կեսը, որն այս տարի նախատեսում ենք 24,5 մլրդ խմ մակարդակում։ Իհարկե, մեր արտադրության եւ արտահանման ծավալները կաճեն, քանի որ մենք գազի հանքավայրերում կավելացնենք արդյունահանումը։ Առաջիկա տարիներին ակնկալում ենք նաեւ բնական գազի արդյունահանում նոր հանքավայրերից»։