ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվորդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում:


Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին:

Ընդ որում, 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային, ռեակտիվ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին: Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էր, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,-ասաց նա:

Նա հավելեց, որ այդ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանն ունեցել է եւ մարդկային, եւ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց տվեց, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում: