Առաջին ինքնուրույն աշխատանքս ուսանող ժամանակ եմ գտել՝ 4-րդ կուրսում։ 24 ժամ աշխատող դեղատանը գիշերային հերթափոխ էի կանգնում ու այդ պահից սկսած ըստ էության միշտ աշխատել եմ ու նույն սկզբունքը փորձում եմ սերմանել երեխաներիս մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա նաեւ նշել է. «Աղջիկս գրեթե 14 տարեկան է և ես խրախուսում եմ նրան, որպեսզի ամառային արձակուրդներին արժեք ստեղծող զբաղվածություն գտնի իր համար։


Ես երբեք չեմ հասկացել մարդկանց, երբ լսել եմ նրանցից «գործ կամ աշխատանք չկա» բառերը։ Երբ ես էի 14 տարեկան հայրս լինելով երկրաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող մի գիտահետազոտական ինստիտուտում, մեր ընտանիքը պահելու համար շինարարությամբ էր գումար վաստակում, քանի որ գիտնականի աշխատավարձով չէինք կարող ապրել, ես էլ դասերից ազատ օրերին օգնում էի նրան։ Մայրս էլ լինելով ինժեներ, հացի փռում գիշերային հերթափոխ էր աշխատում, իսկ ցերեկը աշխատում էր դպրոցում։

Մայրս նաև հասուն տարիքում երկրորդ բարձրագույն կրթությունը ստացավ մանկավարժության մեջ։ Ու ես երբեք չեմ ամաչել ո՛չ հորս, ո՛չ էլ մորս համար, այլ հպարտացել եմ, որ նման ծնողներ ունեմ, որ պատրաստ են անդադար աշխատել և կատարելագործվել՝ իրենց երեխաներին կերակրելու, ուսման տալու համար։ Ու այսպիսի տրամաբանությունն է ինձ համար ընդունելի, ոչ թե՝ հակառակը։

Շնորհավոր բոլոր այն անձանց տոնը, որոնք սիրում և կարևորում են աշխատանքը»։