Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների. Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է. «2021 թվականին, այնուհետեւ` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով` ներխուժելով եւ գրավելով մեր ինքնիշխան տարածքները:


Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթեւեկության համար:

Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:

Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:

Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար»: