Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական եւ համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է. «Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից:


Կարեւոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի եւ ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ:

Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ եւ բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական եւ սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

2021 եւ 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առեւտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության եւ տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաեւ ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը եւ թափանցիկության բարձրացմանը:

Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարեւորությունը, ինչպես նաեւ արժեւորում է տարածաշրջանային կապի եւ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա:

Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները եւ օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին եւ վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը:

Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում:

Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության եւ գագաթնաժողովի կազմակերպման համար»: