Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մայիսի 4-ին ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի մեդիաոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար:

ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում դեսպան Քվինն ընդգծել է ազատ մամուլի կարևորագույն դերակատարումը ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներին իրազեկելու և կառավարության ու իշխանություն ունեցողների հաշվետվողականության ապահովման հարցերում։


«Մամուլը կարևորագույն դեր է խաղում տեղեկությունների ու մտքերի բաց փոխանակմանը նպաստելու, մարդկանց մշտապես իրազեկ պահելու, իշխանություն ունեցողների հաշվետու լինելը ապահովելու հարցերում, որոնք ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կենսական նշանակություն ունեն», - ասել է դեսպան Քվինը։

Դեսպանն անդրադարձ է կատարել Հայաստանի մեդիաոլորտին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող աջակցությանը, մասնավորապես ԱՄՆ ՄԶԳ-ի և Հանրային դիվանագիտության գրասենյակի ծրագրերի միջոցով։

Այս տարի մարտին ԱՄՆ ՄԶԳ-ը «Մեդիա ծրագիր Հայաստանում» ծրագրի իրականացման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել ամերիկյան «Ինտերնյուս նեթվորք» կազմակերպության հետ, որն աշխատելու է մեդիաոլորտի զարգացման հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ների, մասնավորապես՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» և «Երևանի մամուլի ակումբի», ինչպես նաև «Զինք նեթվորք» միջազգային խմբի հետ։ Ծրագիրը միտված է Հայաստանի տեղեկատվական տիրույթի ամրապնդմանը՝ լրագրողական ստանդարտների և բովանդակության որակի բարելավման, մրցունակության և հասարակության համար հետաքրքրություն ներկայացող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակության խթանման և անկախ տեղեկատվական հոսքերի համար նպաստավոր միջավայրի ապահովման միջոցով։

ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակը հայտարարել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին, որն ուղղվելու է լրագրողական փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը և լրագրողական կրթության մագիստրոսական ծրագրի ձևավորմանը Հայաստանում։ Առաջին բաղադրիչը հայ-ամերիկյան մասնագիտական փոխգործակցության նախագիծն է՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների համար։

Երկրորդը՝ հայ-ամերիկյան համալսարանական փոխգործակցության ծրագիր է, որի միջոցով լրագրության գերազանցության կենտրոն կձևավորվի հայաստանյան բուհերից մեկում։ Դեսպանությունից նշում են՝ այս նախաձեռնությունների մասին հավելյալ մանրամասներ կներկայացվեն այս տարի ավելի ուշ։