Նախ, պետք է խաղաղության պայմանագրի տեքստը լինի մաքսիմալ պարզ, հասկանալի, հնարավորինս քիչ տարընթերցումների տեղիք տվող: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ շերտը այն է, որ կողմերը պետք է ունենան մեխանիզմ այդ պայմանագիրն իրականացնելու համար: Այսինքն պետք է լինի համատեղ հանձնաժողով: Այդ հանձնաժողովը կարող է աշխատանքի արդյունքում չգալ համաձայնության: Պետք է հստակ լինի, թե որն է այն մարմինը, որտեղ կայացրած որոշումը կլինի վերջնական: Հիմա մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում:


Թվում է, թե միջազգային երաշխիքները կամ երաշխավորները հաջորդ հարկում են, բայց կարող է այս երկրորդ հարկում այդ համատեղ հանձնաժողովն ունենա երրորդ կողմ, որի քվեարկությաւնը լինի որոշիչ: Եթե մեկը կողմ է, մյուսը դեմ է, երրորդ անաչառ կողմի քվեարկությունը լինի որոշիչ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, հաջորդ խնդիրը վեճերի լուծման մեխանիզմներն են. «Օրինակ, Հայաստանը կարծում է, որ մի X ինստիտուտ պետք է լինի այդ մարմինը, Ադրբեջանը կարծում է, որ այլ պետք է լինի այդ մարմինը: Միջազգային երաշխիքների եւ երաշխավորների հարցում կան մի քանի տարբերակներ առաջարկվող, որոնք կարող են հավասարապես վստահելի լինեն, բայց փաստն այն է, որ մենք դեռեւս լուծում չունենք այս հարցում»: