Ես հրաժարական տվել եմ, տեղի են ունեցել ընտրություններ, որոնք եղել են ազատ, արդար, թափանցիկ. ընդ որում, խաղաղության օրակարգը ձեւակերպվել է ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմախոսների պնդմանը, ըստ որի Ադրբեջանի վերաբերմունքը եւ քաղաքականությունը չեն փոխվի, քանի դեռ հայկական կողմից բանակցողը չի փոխվել:

«Ես ընտրություններից հետո ասել եմ, որ այո, մենք որոշակի նախընտրական պատկերացումով գնացել ենք ընտրությունների, բայց այս ընթացքում 100 հազարավոր քաղաքացիների հետ անձամբ շփվել ենք եւ իրականում մարդիկ մեզ մանդատ են տվել խաղաղության օրակարգի համար: Որովհետեւ եթե զուտ ինստիտուցիոնալ նայենք, շուրջ 700 հազար մարդ քվեարկել է մեր օգտին: Այդ 700 հազարից քանի՞սն է կարդացել, թե ինչ ենք մենք գրել, եւ քանիսն է լսել, թե ինչ ենք մենք ասում»,-ասաց նա:


Հարցին, թե Ձեր մտքով անցե՞լ է, որ բանակցողի փոփոխությունը կարող է ինչ-որ փոփոխություն բերել բանակցությունների սեղանի շուրջ, վարչապետը պատասխանեց. «Այդպիսի հարց չկա, որ ուրիշները բարձրացնում են եւ ես ինքս իմ առջեւ չեմ դնում: Իմ մտքով ամեն ինչ անցել է, եթե իմ մտքով անցած չլիներ, ես 2021-ին հրաժարական չէի տա:

Բայց պետք է զրուցարանի խոսակցությունները տեղափոխենք ինստիտուցիոնալ մակարդակ եւ հարցերի պատասխանը գտնենք ինստիտուցիոնալ մակարդակում, որպեսզի պտեպատ չդիպչենք; Հիմա եթե դուք հարցնեք՝ արդյոք մենք ունենք հստակ ծրագիր, պատկերացում, թե ինչպես է պետք հասնել այդ ցանկալի խաղաղությանը, եւ եթե ես չունենամ պատկերացում, թե ինչպես եմ դա անելու, մեր թիմը անելու, բնականաբար, այդ որոշումը ակնհայտ կլինի»:

Փաշինյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը դեռ 2020-ի դեկտեմբերին է ընդդիմությանն առաջարկել գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների. «Բայց իրենք ասում էին՝ չէ, պետք է իշխանությունը տաս մեզ: Ես էլ ասում էի՝ իշխանությունը իմ սեփականությունը չի, որ տամ ձեզ կամ որեւէ մեկին: Իշխանությունը ժողովրդի սեփականությունն է, ժողովուրդը պետք է որոշոի, թե ում է վստահում այդ իշխանությունը»: