Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Մենք չենք միանա միակողմանի պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանել են Ռուսաստանի դեմ։ Մենք ելնում ենք մեր շահից եւ մեր սեփական բարգավաճումից: Ընդ որում, մենք ուշադիր հետեւում ենք Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարմանը»,-ասել է նա Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Չավուշօղլուն նաեւ քննադատել է Թուրքիայի ընդդիմության՝ նախագահի միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները՝ արձագանքելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել ԺՀԿ առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ իշխանության գալու դեպքում նա առաջնահերթություն կտա Արեւմուտքի, այլ ոչ թե Կրեմլի հետ հարաբերությունների զարգացմանը: «Դուք հիշում եք, որ հանրահավաքներից մեկում նա լրիվ այլ բան էր հայտարարում։ Նա ասում էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնա։ Նա հետեւողական չէ իր հայտարարություններում»,-հավելել է Չավուշօղլուն։