ԱԳ նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարարն արդեն մեկնել է Մոսկվա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում մայիսի 25-ին եւ մենք ընդունել ենք այդ առաջարկը»,-ասաց նա:


Փաշինյանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ 5-ակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնեւում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Նման 5-ակողմ հանդիպում նախատեսված է նաեւ հոկտեմբերին Գրանադայում: Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: