Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրելու նոր առիթ է գտել: Առիթն ի հայտ է եկել Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների մեջբերման մեջ ասվում է, որ «եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչի՞ համար է ձեռք բերում հարյուր միլիոնավոր դոլարների զենք»: Ալիեւն իր կշտամբանքների հասցեատիրոջը նույնպես պատահական չի ընտրել՝ ակնհայտորեն հիշելով Հայաստանի կողմից հնդկական սպառազինության հնարավոր գնման մասին հաղորդագրությունները։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկրի իշխանությունները 2023 թվականի պետբյուջեի պարամետրերի վերանայման դեպքում կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։

«Բանակաշինության հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգային կարգով եւ շարունակում ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետական բյուջեում լրացումներ են կատարվելու, զգալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակների համար։ Ինչո՞ւ, քանի որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք»,-ասել է նա՝ խոստանալով հետագայում եւս ամրապնդել բանակը։


Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2023 թվականի պետբյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսված է հատկացնել 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետբյուջեի ծախսերի 16 տոկոսը: