Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հայաստանը պահանջում է որոշման մեջ ներառել նաև անցակետի հետ կապված խնդիրը, որովհետև փետրվարից հետո իրավիճակ է փոխվել, և անցակետի հետ կապված նոր միջոցի անհրաժեշտություն կա։ Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչև մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի»,–ասաց Կիրակոսյանը։


Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:
Կիրակոսյանը նշեց նաև, որ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները: Այդ փաստը ներկայացվել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է նաև Եվրադատարանի կողմից կիրառվող միջանկյալ միջոցների կատարման վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, քանի որ Ադրբեջանը անտեսում է վճիռների կատարումը։

Առաջին անգամ անցակետի հարցով ՀՀ–ն միջազգային դատարան դիմել է ապրիլի 25–ին։