Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Վերջին օրերին մեր հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես զոհվածի մոր կալանավորման վերաբերյալ դժվար է ճիշտ բառեր գտնել։

Ես հաճախ մտածում եմ, որ մենք անտրամաբանական ժամանակներ ենք ապրում, փուլ, որտեղ գործող իշխանությունը փորձում է ծաղրել մարդկային պարզ տրամաբանությունը։ Ընդ որում ծաղրում են թե՛ իրենց ընտրողներին նշելով, թե գիտե՞ք իրենք նախընտրական ծրագիր չեն ընտրել, անգամ չեն էլ կարդացել, մեզ դա դեմ չտաք...և թե՛ չընտրողներին ամենաբազմազան որակումները տալով։

Բայց բացի անտրամաբանականից, ցավոք նաև բարոյազուրկ ժամանակներ են մեզ բաժին հասել, որտեղ երկրի ղեկավարը կարող է հայտարարել, որ հազարավոր զոհեր կարող էին չլինել, միևնույն է նույն վիճակը կլիներ Արցախի հարցում ու հետո բնավ չմտածել, թե ինչ է կատարվում այն ծնողի հետ, ով որդի է կորցրել...

Արժեզրկել պայքարը, կռիվը, դիմադրությունը, հեգնել ու արհամարհել ցավը, չունենալ տարրական ապրումակցում, սա այն է ինչ ստանում է հայ հանրությունը սեփական իշխանությունից...

Ի վերջո, 2018-ի դեպքերի հիմքերից մեկը դա անարդարության զգացողությունն էր, իշխանական որոշ ներկայացուցիչների ամենաթողության ու անպատժելիության արդյունքում կուտակված բարկությունը հանրության մեջ։ Հիմա բարկությունն ավելի լուրջ հիմքեր ունի, քանի որ չես կարող անվերջ մերժել տրամաբանությունը ու արհամարհել արժեքները, կարևոր մարդկային արժեքները ու բարոյական սկզբունքները, որոնք մեզանից յուրաքանչյուրին պետք է առաջնորդեն անկախ ամեն ինչից...
Ես վստահ եմ իշխանության որդեգրած այս վտանգավոր քաղաքականությունը անհետևանք չի կարող մնալ»: