86600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ պետք է րձնագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ:

«Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես ավելի եմ կոնկրետացրել եւ ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքը:


Երկրորդ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով: Մենք կարեւոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, որ կարող է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել եւ Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման եւ ցեղասպանության քաղաքականություն իրականացնել: Մենք կարեւոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»,-ասաց Փաշինյանը: