ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին ու նրա մասնակցությամբ առաջիկայում սպասվող եռակողմ, հնգակողմ հանդիպումներին. «Ինձ թվում է՝ ամսի 25-ին Մոսկվայում հանդես կգան ինչ-որ եռակողմ նոր հայտարարությամբ, հետո դա կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ, հոկտեմբերի հայտարարության մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ կապիտուլյացիայի ամբողջական պայմանագիր, ապա՝ վավերացնել: Հայ ժողովուրդը՝ ՀՀ քաղաքական ուժերը, մտահոգ քաղաքացիները, ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ՀՀ-ում, ԱՀ-ում, Սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, քաղաքացիներին պատրաստել անհնազանդության՝ իրավիճակը կանխելու համար: